Բացառված չէ, որ COVID-2019-ով վարակվածների թիվն ավելի մեծ է
13.03.2020 | 02:43
Նոր կորոնավիրուսը («COVID-2019») արդեն ոչ միայն Հայաստանում է, ինչի մասին Հայաստանի իշխանությունները գիտեին դեռ փետրվարի 29-ից, հանրությունը` մարտի 1-ից, այլև, չնայած ՀՀ առողջապահության նախարարի կեղծ հավաստմանը, COVID-2019-ը Հայաստանում է անվերահսկելի կերպով: Կարիք կա՞ արդյոք բացատրելու, որ բազմաթիվ դեպքերում մահացու հիվանդության բռնկումն առաջիկայում, այդ պարագայում միգուցե նույնիսկ համաճարակը միանգամայն հնարավոր են:
Տեղի ունեցավ ահավորը` այն, ինչից վերջին օրերին ու վերջին շրջանում բազմաթիվ հրապարակումներով զգուշացնում էի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ու նախարարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը, իշխանություններին… Սակայն այդ բոլոր հրապարակումներն իշխսնության բռնազավթմամբ երկրի ղեկավարությանը տիրացածների համար եղան ու մնացին ձայն բարբառո անապատի:
Մեր և այլոց հորդորները, պահանջները` Իտալիայում և այլ պետություններում նոր կորոնավիրուսի սրընթաց տարածումը նկատի ունենալով, արգելել Իտալիայից, ինչպես նաև COVID-2019-ով վարակվածության դեպքերի մեծ քանակ ունեցող Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ պետություններից Հայաստան օտարերկրացիների մուտքը, իսկ այնտեղից եկող ՀՀ քաղաքացիներին պարտադիր կարանտինացնել, անտեսվեցին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Եվ ահա՛ հետևանքը, որի ողջ պատասխանատվությունը կրելու են նրանք:
Մարտի 11-ին հայտնի դարձավ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված երեք նոր դեպքի մասին: Արձանագրված դեպքերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջում նույն օրը երեկոյան կատարեց հետևյալ գրառումը։
«Այսօր, ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք:
Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայից (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:
Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների մեծ չէ։
Իտալիայի քաղաքացին և ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում:
Պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել։
Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք, ասեմ, որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք և եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարևան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակումներ չեն կիրառվել:
Այսինքն՝ նույն տրամաբանությամբ պիտի փակեինք եվրոպական մյուս ուղղությունները նույնպես, մանավանդ որ կորոնավիրուսը տարածվում է նաև եվրոպական այլ երկրներում։
Հիմա ավիաընկերություններն իրենք են որոշել դադարեցնել թռիչքները Իտալիայից։
Նշեմ, որ «Գոլդեն փելեսի» ժողովուրդը և առաջին ախտորոշված պացիենտը լավ են, գանգատ չունեն:
Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ պահպանել հանգստություն և պահպանել կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ առողջապահության նախարարության խորհուրդները»:
Չե՛մ հավատում Փաշինյանի «ցավոք»-ի անկեղծությանը, կարծում եմ, շատ ուրիշներ նույնպես չեն հավատում, որովհետև իսկապես ցավացող վարչապետը չէր վարվի այնպես, ինչպես նա վարվեց: Իսկապես ցավացող երկրի ղեկավարը «COVID-2019» անվանումը ստացած այդ համաշխարհային չարիքը, դրա տարածման արագությունը, գնալով ահագնացող վտանգը ու բազմաթիվ այլ հանգամանքներ հաշվի առնելով` անհապաղ կաներ այն, ինչ պարտավոր էր անել, և ոչ թե հանցավոր անգործություն կդրսևորեր, իսկ հետո, երբ ջինն արդեն շշից բաց թողած կամ Պանդորայի արկղն արդեն բացած կլիներ, «սիրելի հայրենակիցներ»-ին կհայտներ իր «ցավոք»-ի մասին:
Փաշինյանը նույն «սիրելի հայրենակիցներ»-ին խնդրում է պահպանել հանգստություն, լավ բան է առաջարկում, բայց նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում ինչպե՞ս պահպանել հանգստություն, ինչպե՞ս անվտանգության զգացողություն ունենալ, երբ բազմիցս ստած հենց նույն վարչապետի խոսքը վաղուց այլևս հավատ չի ներշնչում, և երբ չնայած նույնիսկ նոր կորոնավիրուսի ներկայացրած մեծ վտանգին, դրա առնչությամբ քանիցս ստել, ապատեղեկատվություն կամ կեղծ տեղեկություններ է ներկայացրել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ախր նրանց ինչպե՞ս հավատալ, նրա՛նց, որ նոր կորոնավիրուսից թերևս ավելի վտանգավոր են դարձել Հայաստանի բնակչության համար, ընդհանրապես կարելի՞ է հավատալ…
Politik.am-ի հրապարակման համաձայն Հայաստանի իշխանությունները COVID-2019-ի երեք նոր դեպքի մասին իմացել են մարտի 11-ի վաղ առավոտից: Ըստ առողջապահության նախարարությունում նշված կայքի աղբյուրի, «դեպքերն ավելի շատ են, որոնց մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին»:
Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը մարտի 11-ի, լույս 12-ի գիշերը «Facebook»-ի իր էջում գրել է. «Մոտ 1 ժամ առաջ լրագրող Վաչիկ Գրիգորյանը ուղիղ եթերով հայտնեց, որ Էջմիածին քաղաքում կորոնավիրուսի ևս մեկ կասկածելի դեպք է հայտնաբերվել և ՀՎԿԱԿ-ի Էջմիածնի բաժնի աշխատակիցները ոստիկանության և շտապ օգնության ծառայության ուղեկցությամբ այցելել են այդ կնոջ տուն, որտեղ իրականացրել են «անհրաժեշտ աշխատանքներ»:
Ես փորձեցի ճշտել իմ աղբյուրներից, և ինձ փոխանցեցին հետևյալ տեղեկատվությունը` Էջմիածնում, հարսանիքի ընթացքում երեք անձի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ եղել է «շտապ օգնության» կանչ: Հետազոտության ընթացքում 3 անձի մոտ էլ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այդ անձանց մեկուսացրել են, իսկ միջոցառման մնացած մասնակիցների մեկուսացման հարցը դեռ որոշված չէ:
Հ.Գ. Հարգելի պաշտոնյաներ, եթե նույնիսկ ձախողել եք, մի խաբեք»:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքի մարտի 11-ի հրապարակման համաձայն, «Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:
Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:
Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:
Հավելենք, որ բոլորն ի սկզբանե գտնվել են առողջապահության նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես»:
Լո՞ւրջ… Պարոնայք և տիկնայք, դուք իսկապե՞ս սթափ վիճակում եք… Հիշյալ կենտրոնի մեջբերված հրապարակման վերջին նախադասությամբ կատարված հավաստումը նույնիսկ զավեշտ չէ, մեկ այլ բան է… Բնականաբար, հարց է առաջանում` առողջապահության նախարարության հսկողության տակ գտնվելո՞վ են այդ երեք անձինք գնացել հարսանիք, Էջմիածնի ռեստորաններից մեկում հարսանիքի մասնակցել: Նախարարության հսկողության տակ գտնվելո՞վ են նրանք մինչ այդ, այսինքն` Իտալիայից ժամանելուց հետո, հարսանիքի ճանապարհին և հարսանիքի վայրում, ով իմանա, քանիսին վարակել կամ քանիսի համար COVID-2019-ով վարակվելու միանգամայն իրական ռիսկ առաջացրել:
Ինչո՞ւ չի հրապարակվում, թե նրանք Միլանից որոշակի որ օրն են եկել Հայաստան, որպեսզի պարզ լինի, թե մինչև նրանց մոտ COVID-2019-ի հայտնաբերումը, քանի օր է անցել, այդ ընթացքում քչերի՞ն, թե՞ շատերին կարող էին վարակած լինել: Ինչու՞ չի հայտնվում, թե հիշյալ 3 հոգին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ինչով են տուն գնացել, եթե նույնիսկ հայտնաբերված, ստուգվա՞ծ է այդ մեքենայի վարորդը, թե՞ ոչ… Թե՞ էլի, ինչպես նախորդ անգամ, պետք է ասեն` տաքսի չի եղել, բարեկամի կամ ծանոթի մեքենան է եղել, որի տիրոջ ինքնությունն ԱԱԾ-ն շատ արագ պարզել, գտել է նրան: Եթե նույնիսկ բարեկամի, ծանոթի կամ ընկերոջ մեքենան է եղել, արդյոք պարզվե՞լ է, թե դրա վարորդը մինչև հայտնաբերվելը (կրկնում ենք` եթե նույնիսկ հայտնաբերվել է) քանի ուղևորի և այլ անձանց հետ է շփվել, որոնց կարող էր վարակել վարակված լինելու պարագայում:
Կառավարության երեկվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսով երեք պացիենտի հետ շփված 10 մարդ կարանտինային մեկուսացման մեջ է Ծաղկաձորում: Ըստ Թորոսյանի, COVID-2019-ով վարակված վերոնշյալ 3 անձանց հետ շփված մի քանի մարդկանց մեկուսացրել են, նրանք կարանտինի մեջ են իրենց բնակության վայրում, բայց բացառված չէ, որ այսօրվա ընթացքում նրանցից մի քանիսին կտեղափոխեն Ծաղկաձոր: Այնտեղ, «Գոլդեն փելես» հյուրանոցում դեռ գտնվում են 31 մարդ, որոնք շփվել էին Իրանից վերադարձած այն անձի հետ (մի մասն էլ ինքնաթիռում նրան վտանգավոր համարվող հարևանությամբ է գտնվել), որի մոտ Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է նոր կորոնավիրուսի առկայություն:
Առողջապահության նախարարը մարտի 12-ին ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ «երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է:
Մեկուսացված են թվով 57 անձ»։
Այդքան քի՞չ… Իտալիայից գալուց հետո նշված 3 հոգին ընդամենը 57 անձի հե՞տ է սերտ շփում ունեցել… Ստացվում է, որ նախարարը «սերտ շփման ամբողջ շրջանակ» ասելով, նկատի ունի սոսկ այն անձանց, որոնց այդ երեք հոգին ձեռքով բարևել կամ համբուրել են (չնայած նույնիսկ այդ դեպքում էլ նշված թիվը փոքր է թվում, եթե վարակված անձինք «Ryan air» ավիաընկերության ոչ թե մարտի 10-ի, այլ 7-ի Միլան-Երևան չվերթով եկածներն են), մինչդեռ COVID-2019-ով վարակված այդ 3 հոգին այստեղ կարող են վարակած լինել նաև իրենցից 2 մետր հեռավորության վրա գտնված բազմաթիվ անձանց, ինչպես նաև նրանց, որոնք որոշ ժամանակահատվածում ձեռք են տվել իրենց ձեռք տված իրերին:
Նախարարը, կարծում եմ, միտումնավոր, չի տեղեկացրել նաև, թե վերոնշյալ 57 հոգին որտեղ են մեկուսացվել` տա՞նը, թե՞ Ծաղկաձորի հատուկ հսկողության ներքո գտնվող հիշյալ հյուրանոցում… Խնդիրն այն է, որ տանը մեկուսացումը հանրությանն ամենևին չի տալիս անվտանգության երաշխիքներ, որովհետև կյանքի կանխատեսելի և անկանխատեսելի բազմաթիվ հանգամանքների բերումով այդ անձինք կարող են հարկադրված լինել տանից դուրս գալ, քանի որ որևէ խոսք չկա տանից դուրս գալու դեպքում նրանց քրեական պատասխանատվության և այդ անձանց դաստակին նրանց տեղաշարժի մասին տեղեկություններ հաղորդող հատուկ ապարանջան անցկացնելու մասին, որը կարող է հանել միայն այն ամրացրած նախարարության հիշյալ կենտրոնի աշխատակիցը: Ի վերջո, մարդիկ տարբեր են և հնարավոր չէ հույս դնել բոլորի քաղաքացիական բարձր գիտակցության վրա:
Ավելին. վտանգի ենթարկված ու, հնարավոր է, արդեն վարակակիր անձանց տանը մեկուսացնելով, նախարարությունը կամ իշխանություններն անմիջական վտանգի տակ են դրել նրանց ընտանիքի անդամներին: Մնում է պարզել` չար բախտի քմահաճույքով նախարար ու վարչապետ դարձած այս անձինք լինելով ապաշնորհ, չունենալով համապատասխան գիտելիքներ ու փորձ, անարժանիորեն զբաղեցնելով իրենց պաշտոնները, չգիտե՞ն ինչ են անում, թե՞ գիտենալով են անում…
Ինչպես արդեն տեղեկացրել ենք այս կապակցությամբ մարտի 10-ի մեր «Բացառված չէ, որ մեր երկրում նոր կորոնավիրուսով մեկից ավելի հիվանդներ կան, հատկապես Իտալիայից եկած» հրապարակմամբ, «Այն պայմաններում երբ Իտալիայի կառավարությունը Լոմբարդիայի տարածքում` ներառյալ Միլանը, կարանտին է հայտարարել, շարունակվում են Ryan air ավիաընկերության միջոցով Երևան-Միլան ուղղությամբ թռիչքները»:
Նշել էինք նաև, որ Միլան-Երևան ուղղությամբ վերջին թռիչքն իրականացվել է մարտի 7-ին, իսկ հաջորդ չվերթը նախատեսված է մարտի 10-ին, որը, ինչպես հետո պարզ դարձավ, կատարվել է: Կարո՞ղ էինք բացառել, որ վերոնշյալ չվերթներով Իտալիայից Հայաստան չէին գալու նոր կորոնավիրուսով վարակված անձինք: Ո՛չ: Կարո՞ղ ենք բացառել, որ վերջին երկու շաբաթում Իտալիայից Հայաստան վերոնշյալ 3 անձից բացի, այլ անձինք չեն եկել և արդեն չեն հասցրել վարակել բազմաթիվ անձանց: Դարձյալ ո՛չ:
ՀՀ իշխանություններից պահանջեցինք արգելել Իտալիայից և COVID-2019-ի մեծ տարածվածությամբ հայտնի այլ երկրներից օտարերկրացիների մուտքը Հայաստան, հայտարարել այդ մասին, իսկ այդ պետություններից եկած և եկող ՀՀ քաղաքացիներին պարտադիր և անհապաղ կարանտինացնել մեկ ամիս, գոնե առնվազն 14 օր: Անտեսվե՛ց: Եվ, ահա, եկան նրանք և անարգել մտան Հայաստան, ՀՀ քաղաքացիներն էլ չկարանտինացվեցին, չմեկուսացվեցին: Հետևանքը թերևս բոլորիդ է հայտնի: Փաշինյանի վերոնշյալ պատճառաբանությունը, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չեն կայացրել, մեղմ ասած, «կրուտիտի» փորձ է և անհեթեթություն, որը որևէ քննադատության չի դիմանում, սակայն այդ մասին` մեր հաջորդ հրապարակմամբ:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 3
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 2
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին
- Մի՞ թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն. 2
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 53
- Աշխարհը՝ միջուկային պատերազմի շեմին. 52
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութեր). 2
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութ)
- Մի՞թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն
- Քրիստոսի խաչելությունը հորինված չէ, NASA-ն նույնիսկ ճշգրիտ օրն է պարզել
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 2 (տեսանյութ)
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել. 4
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը»
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել-2
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 4
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը-3
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 2
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը
- Նիկոլ, Հայաստան, ընդդիմություն, Գյումրիում ընտրություններ… Մեր «խաղաքարտերը» կարող են խառնվել, շաբաթը կարող է ուրբաթից շուտ գալ. 2
Մեկնաբանություններ